Գիժ չէ,
բայց ծաղկամանի մեջ,
երեք բուռ հողի վրա
հայրենիք է աճեցնում:
Գիժ չէ,
բայց ծաղկամանի շուրջ
կաղնու, ծիրանի, թթի փայտից
բանակներ ու զինանոցներ է շարել,
որ ծաղկամանում հողը ծիլ տա
Նավասարդյան առավոտվա
ռազմերթ ազդարարող նվագարանների
խրոխտ և երկնածոր հնչյունների սլացքից:
Գիժ չէ,
բայց աչքերի դեմ նախշուն տարազներով
սլացիկ պարմանուհիներ են հայտնվում,
որոնք, ձեռքերը խաչաձև պարզած,
կավե գավերով գինի են մատուցում
խրոխտ զորականներին:
Գիժ չէ,
բայց ծաղկամանի հողի եզրերին
մանուշակի թերթերից ծով է ալեկոծել,
մայրի անտառներից ռազմանավեր հանել
մակընթացությունների և տեղատվությունների վրա:
Գիժ չէ
բայց տղեկների հետ
զինավարժանքներ է անում,
կռիվ-կռիվ խաղում, զոհվում ու հառնում
և ասպետաց կարգով շքերթներ անում
Նավասարդյան օրերի մեջ:
Գիժ չէ,
բայց ամեն գիշեր արտասվում է ու ծիծաղում
ծաղկամանին նայելիս, լողում
մանուշակաջրերի ալիքներին,
գինի խմում աստվածների հետ,
և վայելքից ընկղմվում երեք բուռ հողի
պտղավորվող սլացքներում:
Գիժ չէ,
բայց ծոցից, աչքերից, մազերից
արևներ է հանում ու կախում ծաղկամանի
ծլարձակող հողին
ու մտքում երեք անգամ արտասանում՝
Հայրենիք:
Նորայր Գրիգորյան